
Կալանավորված անձանց եւ դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի եւ արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խուզարկությունների արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման եւ 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ։

Հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաեւ 3 մլ տարողությամբ երեք ներարկիչ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա եւ 2 բջջային հեռախոս։