
Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ (խմբ․՝ սեպտեմբրի 20-ին) 13։00-ից, այլեւ արդեն քանի ժամ է՝ կրակում եւ շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։