Գլխավոր Հասարակություն Սյունիքը պատրաստ է ընդունել ու հյուրընկալել Արցախի բնակիչներին․մարզպետը՝ Իսպանիայի դեսպանին

Սյունիքը պատրաստ է ընդունել ու հյուրընկալել Արցախի բնակիչներին․մարզպետը՝ Իսպանիայի դեսպանին

0

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 22-ին  ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին եւ Իսպանիայի դեսպանության Երեւանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։

Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաեւ իսպանական կողմի օժանդակությամբ «Հայկական Կարիտասի» կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրի դիտարկման համար։

Պատասխանելով Մարկոս Գոմես Մարտինեսին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, հիմնական զարգացած ճյուղերն ու խնդիրները։

Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին եւ դրան արձագանքելու սյունիքյան պատրաստակամությանը․ մարզպետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունել ու հյուրընկալել այնտեղի բնակիչներին եւ այդ առումով աջակցել մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված գործողություններին։

Իսպանիայի դեսպանը խոսել է նաեւ տնտեսության այն ճյուղերի մասին, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ներկայացնել իսպանացի գործարարների համար՝ խոստանալով նրանց դեպի Սյունիք ուղղորդել։

Քննարկվել են երկուստեք համագործակցության խորացման ու հետագա համատեղ աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր եւս։

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի կայքը։ 

Մեկնաբանել