
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը եւ մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:
«Եվ այս բյուջեում ամենակարեւոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը եւ ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասաց Հովհաննիսյանը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ:
«Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը եւ ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը դեֆիցիտից կբարձրանա վերեւ եւ կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս, այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը:
Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում:
Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ:
Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացավ 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում: