Սյունիքը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության պատճառը մարզի տարբեր ոլորտներում նկատված ռիսկերն են՝ վստահեցնում է ծառայության ղեկավարը եւ ընդգծում՝ հավելյալ գործոն կարող է համարվել նաեւ տարբեր պաշտոնյաների վարքագիծը:
Տիգրան Ուլիխանյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ) – Երբ որ տեղի են ունենում անբնական գործողություն, մենք դա համարում ենք ռիսկի առաջին ազդակ եւ, այո՛, մենք տեսնում ենք, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ, եւ պետք է ուսումնասիրել, հասկանալ, որ անբնական, անկանոն շարժումներ են անում տարբեր պաշտոնյաներ, որոնք նախատեսված չեն այդպիսի հայտարարություններ եւ գործողություններ անելու համար:
Սյունիքում ուսումնասիրությունները մեկ ամիս առաջ են սկսվել եւ միանգամից չորս քաղաքում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում ու Սիսիանում: Այս պահին կառույցը ուսումնասիրությունը գրեթե ավարտել է՝ տեղեկանք են կազմում, կզեկուցեն վարչապետի պաշտոնակատարին: Մինչեւ այդ պահը Ուլիխանյանը նպատակահարմար չի համարում հրապարակել տեղեկանքի մանրամասները:
Տիգրան Ուլիխանյան – Դա ռիսկերի մի մեծ համախումբ է, որը մենք տեսնում ենք, այդ թվում նաեւ՝ մեր ունեցած բազաներով, որ մեր տրամադրության տակ է՝ տարբեր գործարքներ, այդ թվում՝ մամուլում հրապարակված տեղեկատվություններ, հանրությունից եկող դիմում-բողոքներ եւ այնպիսի տվյալներ են ստացվել, որ այդպիսի որոշում ենք կայացրել:
ՊՎԾ-ն այցելել է նաեւ Արմավիր, Լոռի, Շիրակ: Ծառայության նպատակը համակարգային խնդիրները հայտնաբերելն ու լուծելն է: Ուլիխանյանն անդրադառնում է նաեւ գնումների ոլորտին՝ պետական գնումների մոտ 80 տոկոսը մոնիթորինգի տակ է:
Տիգրան Ուլիխանյան – Ավելացել են նաեւ մեկ անձից գնում կատարելու դեպքերը, սակայն դրանց մեծ մասը արդարացված է՝ նկատում է Ուլիխանյանը եւ հավելում՝ պետության կարիքների համար կան ծառայություններ եւ աշխատանքներ, որոնք օբյեկտիվորեն մեկ անձ կարող է մատուցել:
Պետական գնումների բոլոր մրցույթներն ուսումնասիրվում են, անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում էլ գերատեսչությանը գրությամբ տեղեկացնում են:
Գերակշիռ դեպքերում խնդիրները վերացվում են:
1lurer.am




