Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Կրակոցներ Էջմիածնում․սպանվել է «Դոն Պիպոյի» թիկնապահներից մեկը

Կրակոցներ Էջմիածնում․սպանվել է «Դոն Պիպոյի» թիկնապահներից մեկը

0

Մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ըստ shamshyan.com–ի,  ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջեւ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։ Նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գեւորգ Գաբրիելյանի եւ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել