Գլխավոր Без рубрики Հարութ, Մուշեղ, Հրաչ. նույն թաղամասում ապրած եւ Արցախյան պատերազմում զոհված երեք հերոսները

Հարութ, Մուշեղ, Հրաչ. նույն թաղամասում ապրած եւ Արցախյան պատերազմում զոհված երեք հերոսները

0

Շարքային Մուշեղ Վարդանյան, կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյան, կապիտան Հրաչ Մակարյան. Երեւանի Էրեբունի վարչական շրջանի միեւնույն (Ջրաշեն) թաղամասում ապրող այս երեք երիտասարդները հերոսացան ու անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում: Նրանց անունները այսուհետ կմեկտեղվեն Ջրաշենի իրենց հարազատ դպրոցի բակում կանգնեցված խաչքարին:

Մայսիսի 8-ին խաչքարի բացման եւ խնկարկման հանդիասավոր արարողությանը ներկա էին հերոսների ծնողները, ուսուցիչներն ու հարզատեները: Դպրոցի սաները նաեւ փոքրիկ միջոցառում էին կազմակերպել, մեծից փոքր արցունքներն աչքերին եկել էին եւս մեկ անգամ խոնարհվելու իրենց սիրելի հերոսների առջեւ: Արարողությունից հետո սեւազգեստ մայրերը հպարտության ու ցավի արցունքները կուլ տալով շտապեցին որդիներին այցի (գերեզմաններ)՝ կիսվելու վերջին մի քանի ժամում կատարվածի մասին:

Հրաչը զոհվեց, 7 ամիս անց առաջնեկը ծնվեց

28-ամյա Հրաչ Մակարյանի հարազատները նրան պատմելու անչափ կարեւոր ու լուսավոր մի լուր ունեին. ծնվել է Հրաչի առաջնեկը:

Լուսնակարում փոքրիկ Սոֆին է՝ Արցախյան պատերազմի մասնակից Հրաչի դուստրը

Ամիսներ շարունակ անհետ կորած որդուն փնտրած, ապա նրա մահվան լուրը լսած ընտանիքը Սոֆիի ծննդյան օրն առաջին անգամ կարծես նոր շունչ էր ստացել: Հրաչից հետո առաջին անգամ տանն ուրախության եռուզեռ էր, շնորհավորանքներ էին ստանում, անգամ ժպտում: Հրաչի նորածին դստեր ծնունդով սփոփվող հարազատները պատմեցին, որ երբ պատերազմը սկսվեց Հրաչն ընդամենը երկու ամիս է ինչ ամուսնացել էր: Կամավորագրվեց ու հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտի դաշտ:

Առաջնեկի գոյության մասին Հրաչն իր ծննդյան օրն էր իմացել՝ սեպտեմբերի 21-ին: «Ծնունդի օրը կինն անակնկալ էր պատրաստել, որ այդ ձեւով հայտներ որդուս հայր դառնալու լուրը: Տոնական սեղանի շուրջ էինք հավաքվել, երբ փոքր տղաս ծրարով ինչ-որ բան բերեց տվեց նրան: Հրաչս կարդաց, ու զգում ենք՝ անհանգիստ է, նստած տեղը ուրախ շարժումներ է անում, ժպտում ու կրկնում՝ լավն էր, լավն էր…»,-հիշեց Հրաչի մայրը՝ Նելլի Մակարյանը: Նա նաեւ մտաբերեց, թե այդ օրը որդին ինչ էր կատակով ասել կնոջը. «Այս ծնունդիս անակնկալը շա՜տ լավն էր, մյուսին էդ ի՜նչ պիտի անես, որ սրանից լավ լինի: Մյուս ծնունդ որդիս չունեցավ…»:

Հերոսի մորը խնդրեցինք պատմել, թե երբ ու ինչպես են իմացել որդու մասին վատ լուրը (եթե ծանր է՝ կարող ենք չխոսել): «Բթացել եմ արդեն, արցունք էլ չունեմ, կխոսեմ»,-ասաց նա:

Ցույց տալով որդու նկարները Նելլի Մակարյանը կանգ առավ պատերազմի օրերին արված լուսանկարի վրա, որտեղ Հրաչը մարտական ընկերների հետ է: Հրաչի վերջին լուսանկարներից էր դա, ռազմաճակատ մեկնելու առաջին օրն էին նկարվել: «Այս խմբից միայն մեկ հոգի է ողջ մնացել, երկուսն էլ համարվում են անհետ կորած, բայց իրենց լուսանկարներն էլ ադրբեջանական կայքերում որպես մահացած են ներկայացված եղել, հարազատներն են տեսել»,-ասաց նա:

Նելլի Մակարյանի խոսքով՝ լուսանկարում երեւացող տղաների ընտանիքների հետ հարազատի պես են դարձել. ամիսներ շարունակ հույսով փնտրել են իրենց որդիներին, միասին հազար ու մի դուռ թակել, միասին ԴՆԹ անալիզների պատասխանների սպասել, «աչքալուսանք» տվել, երբ հայտնաբերված աճյունների մեջ ոչ ոքի հարազատը չի եղել:

«Հրաչը գրադի մասնագետ էր, որպես կապիտան էր գնացել, բայց իրենց մոտ միայն ավտոմատներ են եղել ու 1937 թվի պուշկեք: Շատ ահավոր բառդակ է եղել, հրամանատարները դիտակետերում պախկված, իրենք էլ առանց կասկա, առանց ժիլետ, առանց զենք…»,-ասաց Նելլի Մակարյանն ու վրա բերեց՝ որդու քառասունքը համընկավ հարսանիքի օրվա հետ, Տրնդեզի օրը՝ 7-ն էր, կրակը գերզեմաններում են վառել:

Հրաչի հորաքույրնեն էլ էին իրենց տանը, գնացել էին խաչքարի բացմանը, ապա այցելել եղբոր ընտանիքին: «Օրերով, թե դրական կողմերը պատմենք, երեւի չհերիքի: Ի՜նչ ասեմ, երանի նրան, որ չէր ճանաչում»,-ասաց Հրաչի հորաքույրներից մեկը: Մյուսն էլ պատմեց, որ եթե իրենց որդիներին կամ եղբոր մյուս տղաներին անուններով են կանչել, ապա Հրաչի դեպքում առանց «ս» մասնիկի երբեք չեն արտաբերել: «Հրաչս շատ համբերատար ու հավասարակշռված էր: Ուր գնում էինք՝ ասում էինք, թող Հրաչը տանի: Ինքն էլ ասում էր, հա՜, լավ եք սովորել, գիտեք՝ ես համբերատար եմ, ուզում եք իմ հետ գնալ: Մի բան էլ որ խնդրեինք, իրեն նեղություն կտար, բայց կաներ»,-պատմեցին հորաքույրները:

Հրաչ Խաչիկի Մակարյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին: Տան ավագ որդին էր, ունի 2 եղբայր։ Հրաչը ավարտել է Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական բաժինը, որից հետո սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013 թվականին ծառայել ՀՀ զինված ուժերում: Հրաչը նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Հրաչը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին: Բայց ընտանիքն ամիսներ շարունակ ոչ մի տեղեկություն չի ունեցել: Ռազմաճակատ է մեկնել հոկտեմբերի 5-ին: Վերջին անգամ տանեցիները հետը խոսել են հոկտեմբերի 13-ի առավոտյան ու դրանից հետո կապը կորցրել են:

Որոնել են ուր ասես: Մայրը մինչեւ վերջին օրը հավատացել է, որ որդին ողջ է: «Ինչ սուտ ասես այդ ընթացքում լսեցինք, բունկերում է, խմբով անտառներում են: Հետո, երբ արդեն արդեն էդ կասկածներն էլ ցրվեցին, մտածում էինք գերի է: Վախենում էի, բայց ասում էի գոնե ողջ կլինի, գոնե կշնչի: Ինքը էնքան լավն էր, մտածում էի նույնիսկ թուրքը իրեն վնաս չի տա, բայց…»: Փետրվարի 4-ին ԴՆԹ պատասխան են ստացել, զոհվածների թվում է նաեւ Հրաչը:

Շենգավիթում ճանապարհեցինք ու վերջացավ ամեն ինչ. Մուշեղն ընդամենը 2 ամսվա ծառայող էր

Ժամկետային զինծառայող Մուշեղ Վարդանյանը զորակոչվել էր բանակ 2020 թվականի հուլիսի 28-ին: Երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց:

Կորոնավիրուսի պատճառով հարազատները Մուշեղին բանակ զորակոչելուց հետո չեն տեսել, անգամ երդմնակալության արարողությանը չեն մասնակցել: «Շենգավիթում ճամփու դրեցինք ու վերջացավ ամեն ինչ»,-ասաց մայրը:

Ամբողջ հոդվածը կարող եք  կարդալ`https://armtimes.com/hy/article/213462

Մեկնաբանել