Երեկ՝ մայիսի 16-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ:
Տեղերում բնակիչների հետ քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահը՝ տեղադրելով Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Հին Շենում հայտնել է, որ գյուղքում բազմաթիվ տներ են տուժել ու մարդկանց վերաբնակեցումն ապահովելու համար առաջին հերթին կսկսեն այդտեղից՝ կվերանորոգվեն վնասված տները, կշարունակվեն կիսատ մնացած ծրագրերը՝ ջրագծերի խնդիր և այլն ու փուլ առ փուլ կմեկնարկեն աշխատանքները:
Եղցահողում, բնակիչների հետ զրույցում ԱՀ նախագահ Արայիկ Հարւթյունյանն ասել է, որ իրենց կառավարության ամենամեծ խնդիրը Ղարաբաղը հայկական պահելն է:
«Պատերազմը պետք է բացառենք, պետք է խաղաղ կյանքի ճանապարհը մեր համար ուղենիշ դնենք, զարգացնենք շենացման ծրագրերն ու վերաբնակեցնենք: Ամենափոքր թիվն եմ ասում՝ ամենաքիչը 300-ից պակաս բնակչություն չպետք է ունենանք գյուղում» ,-ասել է նա:
Գյուղերի ջրագիծը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, ըստ համայնքի ղեկավարի, նոր ջրագծի կառուցում կմեկնարկի:




