Սևակ Մուշեղի Սաղաթելյան
Արտյոմ Համլետի Սաղաթելյան
Ռուբեն Մնացականի Գալստյան
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի հերոսացած քաջերն են: Սևակը կամավոր էր, Արտյոմն ու Ռուբենը ժամկետային զինծառայողներ: Երեքն էլ հայրենասիրության, արժանապատիվ ապրելու, գլուխը բարձր մեռնելու, հանուն հայրենիքի անգամ կյանքը չխնայելու լավ դասեր էին առել: Միայն հարազատներին տրված խոստման տերը չեղան: Չդարձան տուն:
44-օրյա պատերազմում Ձորակապը երեք թանկ կորուստ ունեցավ: Երեքն էլ գյուղում հարգված երիտասարդներ էին, նրանցից փոքրերը սովորել-ընդօրինակելու դեռ շատ բաներ ունեին:
Ռուբենը միշտ ժպտում էր, Արտյոմի աչքերի անսովոր ու լուսավոր փայլն էր մյուսներից առանձնացնում, Սևակը հայրենասեր ընտանիքի հայրենասեր զավակ էր: Երեքն էլ տարբեր նպատակներ ու ձգտումներ, կյանքից իրեն պահանջներն ու սպասելիքներն ունեին: Պատերազմում, սակայն, բոլոր նահատակների նման, նրանց մեկ գաղափար համախմբեց ու դարձրեց բռունցք՝ պայքարել ու եթե պետք է զոհվել հանուն մայր հողի:
Սևակին, Արտյոմին ու Ռուբենին ևս մեկ ընդհանրություն համախմբեց: Տղաների ընկերների նախաձեռնությամբ գյուղում հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար, դպրոցում էլ՝ հիշատակի անկյուն բացվեց:
Հիմա նրանք ֆիզիկական բացակայությամբ առավել քան ներկա են իրենց պարտավորեցնող գոյությամբ, երիտասարդ կյանքը հանուն խաղաղ լուսաբացի զոհելու գինն ամեն օր հիշեցնող պատմություններով:

«Արտյոմը սեպտեմբերի 27-ի լուսաբացից էլ մարտի դաշտում է եղել, Ջաբրայիլում էին, էդ օրերին զորավարժության էին, որ պատերազմը սկսվեց: 22 օր պայքարեց, նշանառու էր: Ինքը կյանքից, մենք իրենցից շատ սպասելիք ունեինք: Տղեքը հիմա չկան, անորոշ վիճակ է, ոչ ներկա կա, ոչ ապագա, ոչ անցյալ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Արտյոմի հայրը՝ Համլետ Սաղաթելյանը:
Արտյոմին 4 ամսից սպասում էին, որ ուրախությամբ դիմավորեին ծառայությունն ավարտած, հայ զինվորի պատիվը բարձր պահած իրենց զավակին: Պատիվը բարձր պահեց, բայց հարազատներին ուրախություն պարգևել չհասցրեց: Տխրությանն ու կորստին ցավին գումարված հպարտություն միայն:
Ձորակապի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը համագյուղացիներին լավ էր ճանաչում, կամավորական Սևակի հետ դասընկերներ էին նաև: Իրականության հետ մտքով փորձում է համակերվել, սիրտն է ընդդիմանում: «Անմահություն տղաներին, արժանի լինենք նրանց սխրանքին ու այս հողի վրա ապրելուն»,- ավելին ասել չի կարող Պողոսյանը:
44-օրյա պատերազմում Շիրակի մարզն, ըստ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի, 100-ից ավելի զոհ է ունեցել: Նրանց ու բոլորին մշտապես հիշելը յուրաքանչյուր հայի պարտքն է:
«Այդ անհատների միջոցով է, որ մենք այսօր կարողանում ենք գիտակցել հայրենիքի արժեքը, հայրենի հողի զորությունը, և յուրաքանչյուր օր մեր մատաղ սերնդին նրանց մասին պատմություններով պետք է դաստիարակել: Մենք պետք է կարողանանք այսօրվա մարտահրավերներով հանդերձ անառիկ պահել երկրի սահմանները»,-նշեց Բաղդասարյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




