Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, փոխանցում է «Բելտա»-ն:
Մասնավորապես, խոսելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ պաշտոնյան նշել է, որ ռուս խաղաղապահների զորախմբի՝ հակամարտության գոտի մտնելը և բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:
«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Նրանք այլևս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է: ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում: Մենք ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ սկսված բանակցությունները և վիճելի տարածքներից ստորաբաժանումների մի մասի դուրսբերման մասին համաձայնության ձեռքբերումը»,- շեշտել է Զասը և հավելել՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործումը այլընտրանք չունի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ սա դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 13-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով՝ կեսօրին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ ռազմական աջակցության հարցով խնդրանք է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։




