Գլխավոր ԵՐԵւԱՆ Կառավարությունը 51 մլն 400 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ 10 մանկապարտեզի նախագծահաշվային փաստաթղթերի...

Կառավարությունը 51 մլն 400 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ 10 մանկապարտեզի նախագծահաշվային փաստաթղթերի մշակման համար

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն ավելացնել 51 մլն 400 հազար դրամով:

Նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքներում մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ համապատասխան համայնքներում տեղակապման համար:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ 1 մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար անհրաժեշտ է 5 մլն 140 հազար դրամ, որից նախագծի տեղակապման համար՝ 4 մլն 740 հազար դրամ եւ նախագծի պարզ փորձաքննության համար 400 հազար դրամ:

«Նախատեսվում է թվով 5 մսուր-մանկապարտեզ Արմավիրի մարզում՝ Գետաշեն համայնք, Նորավանք համայնք, Փշատավան համայնք, Լենուղի համայնք, Այգեվան համայնք, թվով 3 մանկապարտեզ Լոռու մարզում՝ Գոգարան համայնք, Լեռնավան համայնք, Լուսաբյուր համայնք, թվով 1 մանկապարտեզ Կոտայքի մարզում՝ Պտղնի համայնք եւ թվով 1 մանկապարտեզ՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքի Արծվաբերդ բնակավայր»,- մանրամասնեց Դումանյանը:

Նրա խոսքով՝ ներկայացվող նախագիծը մոդուլային տիպի մարզային մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի մի մաս է. «Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի 741 Ն որոշմամբ արդեն իսկ 1.4 մլրդ դրամ է հատկացվել թվով 10 վերոնշված մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների վերակառուցման համար»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարության արդեն որերորդ նիստում անընդմեջ թվով 5, 10 մանկապարտեզների կամ դպրոցների շինարարության աշխատանք են իրականացնում:

«Դուք տեղյակ եք, որ «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք, որ մինչեւ 2023 թվականը մանկապարտեզային, նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է ունենան մանկապարտեզ: Այսինքն ենթակառուցվածք լինի նրանց համար: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պռոբլեմ է եւ նաեւ երկրի զարգացման առումով կարեւորագույն խնդիր է»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ 2019 թվականից սկսել են այս հարցի քննարկումը եւ այդտեղ 4 հարց է առաջացել. «Առաջինը՝ ինչպե՞ս որոշել մանկապարտեզների կառուցման անհրաժեշտությունը: Հաջորդը՝ ի՞նչ տիպի շենքեր պետք է կառուցվեն: Երրորդ կարեւորագույն խնդիրը՝ ինչպե՞ս եւ ո՞վ է իրականացնելու այդ մանկապարտեզի ֆինասնավորումը, պահպանումը: Չորրորդ ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ է իրենից ներկայացնում մսուր-մանկապարտեզը: Մեր ռազմավարությունն այն էր, որ դա ոչ թե երեխաներին ինչ-որ ժամով թողնելու տեղ է, այլ դա երեխայի կրթության կարեւորագույն մեկնարկն է»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենք մի դեպքում որոշումներ կայացրին, որ պետք է սկսել այն համայնքներից, որտեղ 100 եւ ավելի երեխայի այցելության պոտենցիալ կա ու նախ գույքագրեցին այդ համայնքները. «Որպեսզի ծրագիրը լինի երկարաժամկետ, մենք որոշեցինք նախ կառուցել այն համայնքներում, որտեղ համայնքները պարտավորվում են, որ կշարունակեն ֆինանսավորումը: Այս համատեքստում մենք կայացրինք շատ կարեւոր փոփոխություն եւ էական փոփոխություն կատարեցինք գույքահարկի մասին օրենսդրության մեջ, որպեսզի համայնքների հնարավորությունները շարունակաբար ընդլայնվել եւ իրենք կարողանան ներդրում կատարել կրթության ասպարեզում»:

Մեկնաբանել