Իմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին՝ տեղյակ են արդյո՞ք իրենք այն փաստաթղթի մասին, որի վերաբերյալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց:
«Կրկին իմ տեղեկություններով, հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ լքի ՀՀ տարածքը»,- ասաց նա։
Մակունցը նշեց, որ մանրամասների հետ կապված տեղեկատվություն չի կարող հաղորդել, միայն կարող է ասել, որ եթե ընդունվեն ՀՀ առաջարկած պայմանները, այդ պարագայում դա կարող է 100 տոկոսով բխել ՀՀ շահերից:
Հարցին՝ կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ փաստաթղթի բովանդակությունը վերաբերում է ընդամենը հանձնաժողովի ձեւավորմանը, որը զբաղվելու է սահմանների ճշգրտմամբ, Մակունցն ասաց, որ իր տեղեկություններով, տարածք հանձնելու վերաբերյալ խոսակցություն չկա. «Իմ տեղեկություններով հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկ է եղել, ինչին ՀՀ-ն արձագանքել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է ամբողջական դուրս բերվի ՀՀ տարածքից»:
Հարցին՝ ադրբեջանական ուժերի լքելը միակ պայմա՞նն է Հայաստանի կողմից, թե՝ կա՞ նաեւ գերիների վերադարձի պայմանը, Մակունցն ասաց, որ այդ մասով տեղեկություններ չունի։
Հարցին՝ եթե այդ փաստաթուղթն ի օգուտ Հայաստանի է, ապա ինչո՞ւ չի հրապարակվում, Մակունցը պատասխանեց. «Գիտեմ առաջարկի մասին։ Առաջարկները կարող են հնչել բանավոր, կարող են հնչել գրավոր։ Եթե ընթանում են բանակցություններ, ապա դրանց մասին լիազորված է խոսելու համապատասխան կառույցը։ Ես ասում եմ այն, ինչին ինքս տիրապետում եմ»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ազգային ժողովում այդ հարցը քննարկվելո՞ւ է, Մակունցն ասաց. «Ես չեմ ուզում, որ մենք իրադարձություններից առաջ ընկնենք»։




