Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Եթե ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի,...

Եթե ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի, Կիրանցի և Ոսկեպարի հատվածները․ «168 ժամ»

0

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։ «Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,- ասել է նա:

Փաշինյանական իշխանության 3 տարվա պատմությունը ցույց տվեց, որ «թավշյա հեղափոխություն» օպերացիայի հեղինակը, ըստ էության, հիմնականում ոչ մի բառ կամ ձևակերպում հենց այնպես, առանց հետին նպատակի՝ չի օգտագործում: Դեռևս 2020-ի դեկտեմբերին 168.am-ը գրել էր, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու:

Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել: Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան): Ի դեպ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում «օտար ոտքը» կհանի մեր տարածքից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է. եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, բայց վերջին օրերին հերթական անգամ հաստատվեց, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, ինչը, թերևս, կարելի էր եզրակացնել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված՝ անցած տարվա հարցազրույցից:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Մեկնաբանել