Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանն իրեն արդեն թույլ է տալիս աներեւակայելին. Արցախի գրավումը 6 ամսվա ընթացքում հրաշալիորեն մարսելուց հետո, լրջորեն որոշել է քայլ-քայլ իրականացնել այն բոլոր մտադրությունները, ինչի մասին հաճախակի բարձրաձայնել է հատկապես վերջին պատերազմի եւ պատերազմից հետո վերջին 6 ամիսների ընթացքում, որ իրենք երբեք չեն հանգստանա, մինչեւ չվերցնեն Սյունիքը, այնուհետեւ Սեւանա լիճը, իսկ վերջին քայլով նաեւ՝ Երեւանը, որով էլ ավարտին կհասցնեն իրենց պատկերացրած սահմանազատման աշխատանքները, որին միշտ էլ պաշտոնական Երեւանը եւ Հայաստանի ժողովրդավարության ծիլերից ծնված ու աշխարհին ժողովրդավարություն սովորեցնող ժողովրդի այդ հատվածը վերաբերվում են հումորով, քանզի նրանք տոգորված են միմիայն համամարդկային արժեքներով: Նրանց համար ոչ մի նշանակություն չունի՝ կլինի Հայոց պետություն, Հայաստան երկիր, թե ոչ, քանզի նրանց համար ինչ տարբերություն՝ իրենք կապրեն Հայաստան կոչվող երկրում, թե այդ տարածքին տիրացած Ադրբեջանում: Նրանց համար պետություն, պետականություն, երկիր հասկացություններ չկան, կա աշխարհ հասկացությունը, որտեղ իրենք համամարդկային արժեքներով (համոզված եմ, որ նրանցից գեթ մեկը բացարձակ պատկերացում չունի, թե ինչ ասել է համամարդկային արժեք)՝ կողք-կողքի կապրեն երջանիկ, որտեղ ոչ կոռուպցիա կլինի, ոչ էլ հներից որեւէ մեկը: Այս ամենի կողքին կարելի է չափազանց զարմանալ, որ մեր ժողովրդի մեջ դեռ կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում, գլոբալիզացիայի այս սրընթաց պայմաններում դեռ չեն մոռացել պետություն, պետականություն, երկիր, ազգային … եւ նմանատիպ այլ հասկացությունների մասին եւ իրենց «նախնադարյան» ուղեղներով դեռ կառչած են մնացել այդ բորբոսնած գաղափարներին: Ժողովրդի այդ հատվածը այդպես էլ չհասկացավ, որ ժամանակները փոխվել են եւ բնավ պատահական չէր, որ 2018թ.-ին Հայաստանում իշխանության եկավ հենց այդ գաղափարներով լեցուն ուժը, որը վեր կանգնեց եւ այդպես էլ շարունակելու է վեր կանգնել ազգայինից եւ մաքառել ու մաքառելու է տեղ գրավել համամարդկայինի բարձունքներում, աշխարհին ապացուցելով, որ աշխարհում այս հարցում էլ հայերին հավասարը չկա: Անկեղծ ասած, չափազանց զարմացած եմ, որ հատկապես այս օրերին իշխանությունների եւ մեր ժողովրդի՝ ժողովրդավարության ծիլերով տոգորված հատվածը չեն փնովում Ադրբեջանի կողմից իրականացվող (տարածքներ գրավելը) «հետամնաց» քայլերը, չեն պախարակում ու չեն փորձում նրանց ուղարկել սատանայի ճիրանների մեջ խանձվելու:
Դե, երեւի նրանց վեհ ծրագրերում նման մանր ու ճղճիմ նպատակներ ընդգրկված չեն … Այժմ՝ ըստ էության: Փաստացի պետությունը եւ ժողովուրդը լոյալ հետեւում են Հայաստանի տարածքների մաս-մաս գրավմանը, ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկում, հույսները դրել են ՀԱՊԿ-ի եւ Մուրադովի (ազգանունն էլ ոնց որ հայի լինի) վրա, որ նրանք պետք է ադրբեջանցիներին դուրս բերեն Հայաստանից գրաված տարածքներից (միամիտ հայ ժողովուրդ), դույզն անգամ չհասկանալով, որ եթե նրանց պետք լիներ, ապա թույլ չէին տա եւ նրանք էլ ռիսկ չէին անի մեկ սանտիմետր հատել Հայաստանի սահմանը եւ հիմա էլ տարածքներից դուրս գալու խնդիր չէր առաջանա: Ըստ ռուսական կողմի, կարեւորն այն է, որ այդ օրերին Հայաստանի այդ տարածքներում թուրքերը չեն կրակել, այսինքն՝ պահպանել են հրադադարը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
Հ.Գ. Փաստացի ստացվում է, որ այսօր Էրդողանը դարձել է այնպիսի մեկը, ով չի վախենում աշխարհի որեւէ երկրից, որտեղ ինչ ուզում՝ անում է եւ ամենը հանգիստ մարսում է: Հայաստանի նկատմամբ այս ագրեսիան էլ դրանցից մեկն է:
«Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/22/1192555/




