ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Գեղարքունիքի սահմանային հատվածից ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի գերեվարման դեպքին:
«Այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին եւ ես կարեւոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել: ՀՀ զինված ուժերի 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են զուգորդվելով՝ զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատ լինելու վերաբերյալ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի խոսքով՝ այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով. «Իհարկե, հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները իհարկե, պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգում ՀՀ տարածքից»:
Նա հիշեցրեց, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ եւ հարցը հենց այս համատեքստում է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար ու այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի առկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ դեպքի առավել մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում եւ 6 զինծառայողները ունեցել են՝ ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որն ըստ էության շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով եւ պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից:
«Շատ կարեւոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենեւին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Ընդ որում կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը՝ բանակի եւ զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետեւ զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենեւին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից. «Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է եւ սա այն պարագան է, որ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր՝ այդ թվում միջազգային լծակները իրադրությունը շտկելու եւ կարգավորելու համար եւ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այստեղ շատ կարեւոր է նաեւ, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների եւ համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի՝ այդ թվում հայկական լրատվական տիրույթում:
«Ես կարծում եմ, որ մեր հանրությունն այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետեւողական եւ հանգիստ հաղթահարենք: Ուզում են ընդգծել նաեւ հետեւյալը՝ պետք է հակառակորդի 2 նպատակներն արձանագրել եւ կառավարել այդ նպատակները: Նպատակներից մեկն այն է, որ իրադրությունը զարգացնեն այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի, որպես ինքնին ենթադրվող եւ սովորական բան: Իսկ երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս 2 նպատակներից որեւէ մեկին տուրք չպիտի տան. «Առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց եւ սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն: Կրկնում եմ՝ զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ սահմանների պահպանության եւ ամրության, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները:
Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենեւին տեղին չեն»:
Տեսանյութը`Tert.am-ի:




