Գլխավոր Հասարակություն Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին. ՀՀ...

Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին. ՀՀ ՄԻՊ

0

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջեւ իրական կապը պարտադիր հաշվի առնեն եւ նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:  Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարեւանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, եւ ադրբեջանական զինված ուժերն առեւանգել են ՀՀ զինծառայողների։

Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարեւանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաեւ գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի կողմից:

Նշված միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում:

Արձանագրվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել եւ գերեվարվել են:

Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի եւ Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ այլն):

ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարեւանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարեւանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողների նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաեւ պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջեւ իրական կապը պարտադիր հաշվի առնեն եւ նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»։

Մեկնաբանել