ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է 24.005.000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմական օգնություն տրամադրել Հայաստանին: ԱՄՆ նախագահի ներկայացրած բյուջեում հիշատակում չկա Արցախի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների երկկուսակցական կոալիցիան բազմիցս կոչ է արել վարչակազմին Հայաստանին և Արցախին տրամադրել առնվազն 100.000.000 դոլար:
«Հայաստանի համար նախագահ Բայդենի բյուջեն, որն առաջարկվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում, հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվում են Բաքվի էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր:
Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն ուղարկելու համար, մինչդեռ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և օգնության մեծ փաթեթն ուղարկի Արցախ և Հայաստան»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:




