ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ից 28-ը գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։
Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ «COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը», – հանդիպման ընթացքում ընդգծել է Վահան Քերոբյանը։
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։
Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկված հարցերից էր հայկական ընկերությունների և «Խորգոս» սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի միջև համագործակցությունը, որի շնորհիվ հայկական ընկերություններին հնարավորություն կնձեռվի դուրս գալ ոչ միայն չինական շուկա, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը մինչև ասիական տարածաշրջանի երկրներ։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։
Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականի վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի։
Սապարխան Օմարովի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Մասնավորապես՝ քննարկվել են ինտենսիվ այգեգործությանը, գինեգործությանը, խոզաբուծությանը, կաթիլային ոռոգմանը, գյուղատնտեսության մեջ մեծածախ բաշխիչ կենտրոնի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։




