ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երկու երկրների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մակրոնին հրավերի համար: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուց պլանավորված այց ունի դեպի Հայաստան ուստի նրան աշնանը սպասում է Հայաստանում:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը Ֆրանսիայի կողմից միշտ զգացել է աջակցություն.
«Շատ կարևոր հանգամանք եմ ցանկանում առանձնացնել. նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին իսկ օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում»:
Նիկոլ Փաշինյանն ընգծեց, որ կարևորվում է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր.
«Չափազանց կարևոր է համանախագահության երկրի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Ես շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները արդեն երեք հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները»:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային՝ ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
«Մենք ընգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է»: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս ծրագրերով հետաքրքրված է անձամբ Էմանուել Մակրոնը:
«Բարձր եմ գնահատում Էմանուել Մակրոնի անձնական նախանձախդրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում. հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ ժողովուրդը շահագրգռված է, որպեսզի տարբեր ծրագրերում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեծ լինի.
«Մանավանդ, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահող երկիր է և ունի պատասխանատվություն մեր տարածաշրջանի անվտանգության, խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հանդիպելու է նաև Սենատի նախագահ Ժերար Լարշեի և հայ համայնքի հետ: Հանդիպումներից հետո Փաշինյանը կմեկնի Բրյուսել:




