Գլխավոր ԵՐԵւԱՆ Վահրամ Դումանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ դրա ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանյան Կարմիր խաչի ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է` armtimes.com-ը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:

«Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում:  Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը:

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել