ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում 6 ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել:
Խոսքը վերաբերում է հետեւյալ ապրանքներին՝
. Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,
. Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:
Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ(4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:




