
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները:
«Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, եւ հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,- ասաց Վարոս Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետեւյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները:




