ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 182 մլն դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում նոր միջոցառման համար:
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետեւանքով, նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականցկացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին՝ կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ներկայացրեց Դումանյանը:




