Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված...

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

0
Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ՝ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:
Մինչ միջոցառման մեկնարկը ծաղիկներ խոնարհեցինք դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:
Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:
Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել էին Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ: Բացված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած տղաների անձնական իրերով և լուսանկարներով: Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:
Մանկավարժները նշեցին, որ հերոս տղաների անունները կրող այդ դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այդտեղ կրթվող յուրաքանչյուր սան պետք է լավ սերտի հայրենանվիրության դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատև դաս լինի նրանց համար: Նրանց անցած ուղին հավերժ կմնա դպրոցի և համայնքի պատմության էջերում։
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանին հետմահու շնորհվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված «Մարտական ծառայության » մեդալ, որը հանձնեցի Գարիկի հորը։
Հիշատակեցի , որ ամիսներ շարունակ ապրում ենք հետպատերազմյան մղձավանջը: Բայց ինչքան էլ տղաների կորուստը ծանր է, սակայն նրանց ծնողների հետ զրուցելիս հաճախ եմ ասում, որ նրանք թեև կարճ ապրեցին, սակայն մահվան ամենափառահեղ տարբերակը ընտրեցին. հերոսացան հանուն հայրենիքի:
Խնդրեցի մեր հերոսների ծնողներին,որ երբեք չխեղճանան, չընկճվեն։ Նրանց զավակները զոհվել են, որպեսզի մենք, մեր ժողովուրդը ավելի լավ ապրենք, մեր հայրենիքը ավելի հզոր լինի: Մենք մեծ ջանքերով, մեծ նվիրումով պետք է շենացնենք մեր հայրենիքը:
Հավերժ փառք մեր տղաներին, և տա Աստված, որ մեր անհայտ կորած տղաներից շուտափույթ լավ լուր ստանանք։

Մեկնաբանել