Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Լռության օր է. Հայաստանը պատրաստվում է քվեարկության

Լռության օր է. Հայաստանը պատրաստվում է քվեարկության

0

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հունիսի 19-ը լռության օր է։ ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 19-րդ հոդվածի համաձայն` քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին. քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Տեղի է ունեցել նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որեւէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 եւ տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 եւ տեղական 19 կազմակերպություններ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

armenpress.am

Մեկնաբանել