500 մարդ էլեկտրոնային քվեարկության եղանակով արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ ընտրության արդյունքները կամփոփվեն այսօր՝ ՀՀ տարածքում հիմնական քվեարկության ավարտից հետո:
Այս մասին քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրական ցուցակներում ընդհանուր առմամբ 2510 թեկնածու է ընդգրկված:
Ընտրությունների անցկացման համար ՀՀ տարածքում ձևավորվել է 2008 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
Բոլոր ընտրական տեղամասերը բացվել են սահմանված ժամին՝ 8:00-ին, և ՀՀ քաղաքացիներն արդեն կատարում են իրենց ընտրությունը:
Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել 114 ընտրատեղամասերում: Սա, ըստ Մուկուչյանի, նշանակում է, որ կան եզակի թվով բացակայություններ, իսկ ընդհանուր առմամբ չկա որևէ տեղամաս, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը: Տեղամասերից 5-ում բացակայել է հանձնաժողովի քարտուղարը:
Ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով, ՀՀ տարածքում ընտրատեղամասերին հատկացվել է 4006 նման սարքավորում, որոնք բոլորը ժամը 8-ի դրությամբ գործարկվել են:
Գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրվել է օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոց։
Դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություն։
Մուկուչյանը հավելեց, որ ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, որոնցով վերահսկվում է ընտրությունների, իսկ այնուհետ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքը:




