Հարգելի՛ բարեկամներ Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը: Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը: «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:
Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին: Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ: Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:
Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես… Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:
Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին… Հարգանքով՝ ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության նախագահ՝ Նորայր Նորիկյան




