Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը արթնանալու նշաններ է ցույց տալիս: «Արմենպրես»–ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեԼ է, որ թեպետ ոչ մեծ խմբերով, սակայն տարբեր երկրներից զբոսաշրջիկներ գալիս են, հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սկսում է աճել:
«Այցելուների կառուցվածքում առաջատարը Ռուսաստանն է: Ակտիվություն նկատվում է Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից, Եվրոպայից: Շատ կարևոր է սահմանների բաց լինելը, ինչը և նպաստում է զբոսաշրջային այցերի ակտիվացմանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Թեպետ ոլորտում տեղաշարժ կա, սակայն, ըստ Մեխակ Ապրեսյանի, դա չի նշանակում, որ ոլորտն ամբողջովին վերականգնվել է, և բոլոր խնդիրները լուծվել են: Նա կարևորեց կառավարության վերջին փոփոխությունները, որոնցով շարունակվելու է աջակցությունը զբոսաշրջության առանձին ոլորտներում գործող ձեռնարկատերերին, սակայն նշեց, որ այդ աջակցության հնարավորությունները պետք է ընդլայնել: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որն ինչ-որ փուլից վերադարձնելու է այդ աջակցության գումարները:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




