Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը համընկել է Հայրավանքի ուխտի օրվա հետ

Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը համընկել է Հայրավանքի ուխտի օրվա հետ

0

Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը համընկել է Հայրավանքի ուխտի օրվա հետ: Այդ առիթով նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունը կատարվել է Հայրավանքի եկեղեցում:

Արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ:

Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր խոսքում կարևորել է հայրենիքին ծառայելու գործընթացը՝ նորակոչիկներին մաղթելով առողջություն,   խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

«Այս պահին, առավել, քան երբևէ, շատ կարևոր է ձեր ծառայությունը և՛ մեր երկրի, և՛ մեր բանակի և՛ ձեր ծառայակից ընկերների համար, քանզի մեր տղաները  պատերազմի և շատ մեծ փորձությունների միջով են անցել, կորուստներ կրել:

Եվ հիմա մենք պետք է ձեզ խնդրենք, որպեսզի  դուք լինեք  նրանց կողքի, օգնեք նրանց, դառնաք նրանց ընկերն ու բարեկամը, կիսեք նրանց հոգսը, ուժ և հույս տաք նրանց, որպեսզի ձեռք ձեռքի տված զորանաք և հզորացնեք հայոց բանակը՝ ձեր նպաստը բերելով  մեր պետության և պետականության ամրապնդմանը:

Սիրելի նորակոչիկներ, ձեզանից պահանջվում է ընդամենը բարեխիղճ ծառայել,  միմյանց նկատմամբ լինել  հարգալից և կատարել ձեր հրամանատարների հրամանները:  Եվ, այ դքանով հանդերձ, դուք  մեծ ծառայություն մատուցած կլինեք մեր հայրենիքին: Մեր նորակոչիկների ծնողներին մաղթում եմ ուժ և համբերություն և միաժամանակ հավաստիացնում, որ մեծ դժվարությունների միջով անցած Հայոց բանակը ժամ առ ժամ ոտքի է կանգնում: Աստված բոլորիդ պահապան»,- նշեց Գնել Սանոսյանը:

Նորակոչիկների օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ուխտի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից   Հայրավանքի եկեղեցի էր բերվել Տիրոջ Սրբազան Խաչափայտի մասունքները:

Օրհնության արարողությունից հետո նորակոչիկները հաղորդակցվել են Մասունքի հետ և հոգևոր դասի կողմից ստացել փոքրիկ աղոթագրքեր ու սրբապատկերներ:

«Սիրելի նորակոչիկներ, այսօր մենք մեծ ուրախություն ապրեցինք, քանզի ձեր զորակոչի օրը համընկավ Տիրոջ Խաչափայտի մասունքներն այս սրբավայր բերելու օրվա հետ: Մխիթարություն ապրեցինք, որ այս սրբավայրում մենք հնարավորություն կունենանք օրհնելու ձեզ, արևշատություն և  անփորձանք ծառայություն մաղթելու:

Ուրախ ենք, որ դուք բանակ մեկնելուց առաջ հնարավորություն եք ունենում  համբուրել Տիրոջ Խաչափայտը, հզորացնում եք ձեր հավատքն ու հոգին և ամբողջանվեր  կերպով ձեր ծառայությունը բերում Հայոց բանակին և ժողովրդին:

Մեր աղոթքները հղում ենք նաև ձեր ծնողներին: Թող նրանց համար բանակից ստացված զանգերը միշտ բարի լինեն և ուրախաբեր: Աստծո օրհնությունը ամենքիդ, և ձեզ բարի ծառայություն»,- նշել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:

2021 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում շարունակվում է:

Մեկնաբանել