Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ իր խոսքում Նիկոլ Փաշինյան մասնավորապես նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երեւանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարեւոր են, որովհետեւ Դուք Հայաստանի Հանրապետությունում կարեւոր ներդրողներից մեկն եք եւ մասնավորապես՝ Սփյուռքի կարեւորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետեւաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաեւ ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը եւս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը եւ ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարեւորում ենք»:
Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ եւ հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, եւ ես այստեղ եմ:
Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ եւ Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:
Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, եւ բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:
Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու եւ խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել եւ բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:
Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:
Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը եւ հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։



