Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւայի հայտարարությանը:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», – «Արմենպրես»-ին փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, թուրքական «Yeni Şafak»-ի հաղորդմամբ, մեկնաբանել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ին լրագրողներին տված այն մեկնաբանությունը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, եւ դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում եւ հետեւաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», – լրագրողների հետ զրույցում ասել էր ԱՄՆ դեսպանը:
Մեկնաբանելով այս խոսքերը՝ Աբդուլաեւան «Trend» լրատվական գործակալությանը ասել է, թե ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը «անընդունելի է»:
«Այդ տարածքները («Արեւելյան Զանգեզուրը եւ Ղարաբաղը») Ադրբեջանի անքակտելի մասն են, եւ որեւէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե ամերիկյան կողմի նմանատիպ հայտարարությունները «խաթարում են» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ապագան:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան




