Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուկի իր էջում գրառում է արել ու լուսանկար տեղադրել։
«Ես ծնվել եմ Կապանում՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին: Այդ ժամանակ Կապան քաղաքը ինտենսիվ հրետակոծվում էր, եւ ընտանիքս ստիպված էր ապրել շենքի նկուղում, որը ապաստարանի դեր էր կատարում:
Ես ոչինչ չեմ հիշում այդ օրերից, իսկ եղբայրներս կրում են պատերազմի ցավագին հիշողությունները մինչ օրս: Հետպատերազմյան դժվարին տարիները հաղթահարելուց հետո մենք միամտաբար կարծում էինք, որ պատերազմ այլեւս չի լինելու:
Արցախյան երկրորդ պատերազմը անասելի մեծ հետք թողեց իմ կյանքում: Այդ օրերին Արցախում էի, Սյունիքում էի եւ աչքիս առաջ կորցնում էի մանկության ընկերներ, եղբայրներ, Հայրենիքից հատվածներ, պատմական ժառանգություն…
Պարտությունները մեզ պետք է սթափեցնեն: Մենք կհաղթենք կրկին, եթե ճիշտ դասեր քաղենք պարտությունից, եթե շատ աշխատենք, եթե միավորվենք:
Գիտեմ, որ կա հիասթափություն եւ ընկճվածություն: Հաղթանակած Հայրենիք սիրելը հեշտ է: Եկեք պարտության պահին ավելի շատ նվիրվենք եւ ծառայենք մեր Հայրենիքին` մոտեցնելով նոր Հաղթանակներ:
Փառք եւ խոնարհում մեր անմահ հերոսներին:
Դուք ընկաք, որ Հայրենիքը կանգուն մնա:

Հ.Գ. նկարում Հայրենիքը պաշտպանող երեք սերունդն է»:




