Գլխավոր Հասարակություն 753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում

753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում

0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընթացիկ տարվա 9 ամիսներին ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր եւ բանավոր դիմում-բողոք 753 անձից:  ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը եւ այլն:

Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ եւ տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների եւ կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաեւ վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի եւ այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային եւ անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաեւ հետագայում նման խնդիրների բացառումը:

Դիմում-բողոքների ուսումնասիրության եւ քննարկման ընթացքում պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Դրանից բացի, պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում:

Աշխատանքի ընթացքում պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարեւորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել