Բավարարվել են «Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրական Գոռ Աբրահամյանը։
Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության առերեւույթ հանցագործությունների դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում 08.09.2021թ. դպրոցի տնօրեն Մ. Հ.-ն ձերբակալվել էր:
Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար եւ վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դատարանի 10.09.2021թ. որոշմամբ, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Նրա եւ եւս մեկ անձի՝ Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության շարունակման արդյունքում 2021թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ հաջորդ օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Սույն միջնորդությունը դատարանի որոշմամբ նույնպես մերժվել էր:
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից նշված դատական ակտերի դեմ տարվել են վերաքննիչ բողոքներ: Դրանց քննության արդյունքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դատախազության միջնորդությունները բավարարվել են եւ որոշում է կայացվել մեղադրյալ Մ. Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումը կուղարկվի ոստիկանություն՝ դրանից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար:




