Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ովքեր են «Ասլանյան» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուները

Ովքեր են «Ասլանյան» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուները

0

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ:

«Հայկական ժամանակը» ներկայացնում է «Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակը, որը բաղկացած է 47 հոգուց:

Ինչպես հայտնի է, ցուցակը գլխավորում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ցուցակի 2-րդ համարը Կարեն Պառավյանն է՝ Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը: 3-րդ համարը Արեւհատ Հովհաննիսյանն է: Հովհաննիսյանը Վանաձորի քաղաքապետարանի Իրավաբանական բաժնի պետն է:

Ցուցակի 4-րդ եւ 5-րդ համարներն են Վանաձորի քաղաքապետարանի Աշխատակազմի նախկին քարտուղար Արթուր Օհանյանն ու կրթության, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Գոռ Բադյանը: Նշյալ անձինք աշխատանքից ազատվեցին սեփական դիմումի համաձայն, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը: Թե՛ Գոռ Բադյանը եւ թե՛ Արթուր Օհանյանը Ազգային ժողովի վերջին արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել էին պատգամավորի թեկնածու:

«Ասլանյան» դաշինքի ցուցակում են նաեւ համայնքի ավագանու նախկին անդամներ Վահագն Դավիթավյանը, Հայկազ Մովսիսյանը, Սեյրան Ղամբարյանը, Արման Սարգսյանը, Խորեն Վարդանյանը, Վահագն Ավագյանը, Արման Ափինյանը, ինչպես նաև Գայանե Քալանթարյանը, որը Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի նախկին տնօրենն էր, իսկ ներկա պահին՝ բժիշկ-հոգեբույժը:

«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, լրագրող Անահիտ Կարապետյանը եւս ընդգրկված է «Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակում:

Ցուցակում են նաեւ Լոռու մարզպետարանի Ֆինանսատնտեսական վարչության նախկին պետ, ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանն ու Քաղաքաշինության վարչության նախկին բաժնի պետ Ալեքսանդր Հարությունյանը:

47 հոգանոց ցուցակում ընդգրկված են նաև քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների մի քանի աշխատակիցներ և տնօրեններ, կան նաեւ բանկային մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ու ՍՊԸ տնօրեններ:

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան» դաշինքը ձևավորվել է «Ազատ դեմոկրատներ» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցություններից:

«Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակն ամբողջությամբ՝ ստորև:

Մեկնաբանել