Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ են ունեցել, որ ուղեւորի մոտ թմրանյութ կա:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական բաժինը:
Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղեւորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ է նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: 38-ամյա տղամարդը եւ տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվելիս է եղել ձերբակալվածը:
Իրավապահները հայտնաբերել են 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն եւ 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց են եղել: Հայտնաբերվել է նաեւ 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց է եղել:
Իրավապահները հայտնաբերել են նաեւ թմրամիջոցի վերամշակման եւ իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ եւ առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման «լաբորատորիա»: Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




