2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից:
Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաեւ համապատասխան բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետեւանքների, իր իրավունքների, ինչպես նաեւ իր կողմից ներկայացված խնդիրները եւ խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




