Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ փետրվարի 22-ին ընթանում է Եվրանեսթ վեհաժողովի նիստը, ներկա են նաեւ ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում՝ բողոքի ցույց են անում հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ՝ իրենց վրդովմունքն արտահայտելով եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու համար։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ ինքը եւ ՀՀ ԱԺ այլ պատգամավորներ Բաքվում էին՝ կրկին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու, այնտեղ էին որպես հաղթած երկրի քաղաքացիներ ու պատգամավորներ, իրենց այդպես էին զգում։
«Երբ այն ժամանակ մենք էինք մեկնում այնտեղ, Իլհամ Ալիեւը նստած, ադրբեջանական պատվիրակությունը նստած, ես անձամբ բաժանել եմ գրքեր, որպեսզի բոլորին պարզ լինի, որ երբ նրանք խոսում են, ասենք, Խոջալուի ցեղասպանությունից, բացահայտ ստում են։ Մենք այն ժամանակ Բաքվում մեզ հաղթած երկրի քաղաքացի ու պատգամավոր էինք զգում, իսկ այսօր այստեղ ՝ Երեւանում, մեզնից մի քանի քայլ հեռու նստած են մեր եղբայրներին սպանվածների զարմիկները, հարազատները։
Փաստացի մեզնից մի քանի քայլ հեռու նստած են մեր ռազմագերիներին խոշտանգածները, գլխատածները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով, մինչեւ այստեղ գալը ինքը լսել է ադրբեջանցի պատգամավորների ելույթները, ովքեր հերթական անգամ խեղաթյուրում էին ամենապարզ փաստերը, որ Ադրբեջանում այլեւս հայ ռազմագերիներ չկան, նրանք օրինախախտներ են, մշակութային ժառանգության հարցում բաց են միջազգային հանրության առաջ։
«Եթե ես կարողանայի մտնեի ներս, թքելու էի այդ ադրբեջանցի պատվիրակի ճակատին, որովհետեւ նա ստում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։




