ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ` նպաստելով անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Փառատոնի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ կներկայացնեն անհատական եւ խմբային (մինչեւ 2 աշակերտ) գիտահետազոտական նախագծեր չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա եւ կենսաբանություն։
Կապանի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանը հետազոտական աշխատանքով երկրորդ անգամ մասնակցեց Հայկական համադպրոցական գիտության փառատոնին։ Արտյոմը ներկայացրեց «Պոլիպրոպիլենից` վառելիք» աշխատանքը, որը մասնագիտական հանձնաժողովը եզրակացությամբ՝ : հետաքրքիր է եւ արդիական։ Արտյոմ Համբարձումյանը «Քիմիա» անվանակարգում գրավեց առաջին մրցանակային տեղը։ Կապանցի աշակերտի նախագիծն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Արտյոմ Համբարձումյանի քիմիայի ուսուցչուհին Վարդուհի Օհանջանյանն է։ «Ֆեյսբուք» սոցցանցում շնորհավորանքների տարափ է։ Շատ-շատերը շնորհավորում են Վարդուհի Օհանջանյանին եւ նրա աշակերտ՝ Արտյոմ Համբարձումյանին։
«Կեցցե՛ս, Վարդուհի Օհանջանյան, ուղն ու ծուծով մանկավարժ, տաղանդավոր ուսուցչուհի, բարեկիրթ անհատականություն, հայրենասեր գեղեցկուհի։ Շնորհավորանքներս՝ լավագույն աշակերտին ու ուսուցչին»,-գրել է օգտատեր Հասմիկ Մեսրոպյանը։
«Վարդուհի ջա՜ն, ասել ու կասեմ՝ դու ախր շատ ես ուսուցչուհի էլի…քո ձեռքը, միտքը, խելքը, հմտությունն ու անափ նվիրումը ուր եւ ում հասավ՝ հաղթանակն ապահովված է. կեցցեք՜, շնորհավորում եմ քեզ, Արտյոմին, Կապանին, մե՜զ եմ շնորհավորում ու մեր միջեւ ընկած բոլոր ծովերից ձեզ մի օվկիանոս սեր եմ ուղարկում»,-գրել է Մարինե Սահակյանը՝ Չինաստանից։
Marzer.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Կապանի թիվ 3 դպրոցի քիմիայի ուսւոցչուհի Վարդուհի Օհանջանյանին եւ նրա աշակերտ Արտյոմ Համբարձումյանին հերթական հաղթանակի համար։
Թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։



Լուսանկարները՝ Արտյոմ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից




