Ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն, որը Հայաստանում հանդիպեց արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի և վարչապետի հետ: Դի Մայոն Հայաստանում հանդիպումների ընթացքում քննարկել է երկկողմ կապի խորացման հեռանկարը, ինչպես նաև Իտալիայի աջակցությունը հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը:


Իտալիայի արտգործնախարարի այցը կարևոր քաղաքական իրադարձություն է: Իտալիան եվրոպական և միջազգային նշանակալի դերակատարում ունեցող պետություն է: Այն Եվրամիության ու ՆԱՏՕ, միաժամանակ նաև Մեծ Յոթնյակի անդամ պետություն է: Սա քաղաքական կարգավիճակ է, որն անկասկած ունի իր նշանակալիությունը միջազգային հարաբերություններում: Իսկ դրանք ներկայումս մի շրջափուլում են, որտեղ ահռելի տուրբուլենտությունն ու անկանխատեսելիությունը պահանջում է բազմակողմ ինտենսիվ դիվանագիտություն այն երկրներից, որոնք գտնվում են խոշոր խաղացողների մեծ խաղի ազդեցության տիրույթում: Միևնույն ժամանակ, Իտալիայի հանգամանքը ուշադրության է արժանի թերևս նաև նրանով, որ լինելով հավաքական Արևմուտքի մաս, Իտալիան այդուհանդերձ տարիների ընթացքում որոշակի հարաբերությունների մեխանիզմ էր մշակել Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանի համար ունի պրակտիկ նշանակություն: Նշանակություն այն իմաստով, որ Հայաստանի համար շատ կարևոր է բազմակողմ դիվանագիտական աշխատանքի այն «ճարտարապետությունն» ու կառուցվածքը, որը՝ որևէ մի կողմի հետ աշխատանքը ինքնաբերաբար չի «դիրքավորում» մեկ այլ կողմի դեմ: Իսկ Ռուսաստանի պարագայում, հաշվի առնելով մի շարք հայտնի իրողություններ ու հանգամանքներ, Հայաստանն այդ առումով բավականին զգայուն է, հետևաբար հանգամանքը, որ կա Իտալիայի պարագայում, ունի իր ուրույն նշանակությունը այդ զգայունության տեսանկյունից:




