Գլխավոր ԵՐԵւԱՆ Պարի միջազգային օր՝ Երևանում

Պարի միջազգային օր՝ Երևանում

0

Պարի միջազգային օրվա շրջանակում Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության և «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ-փառատոն:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Գևորգյանն ասաց՝ մասնակցում են երգի և պարի համույթներ, երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ մարզերից: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու «Քալաշյան», «Սմայլ» պարային ստուդիաների, «Միլեն շոու բալետի», «Գոհար» և մի շարք այլ համույթների կատարումներ:

«Միջոցառման նպատակներից է Հայաստանում մանկապատանեկան  պարարվեստը զարգացնելը: Այն կա, ակտիվ է, բայց կարիք կա զարկ տալու առաջընթացին համերգների, փառատոնների և այլ նախաձեռնությունների միջոցով»,-շեշտեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ իրենց կենտրոնն աջակցում է պարախմբերին, անհատներին՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել նաև միջազգային  միջոցառումների: Մայիսի 27-ին Հայաստանից պարողների հետ մեկնելու են Վրաստան՝ Թբիլիսի և Թելավի, և մասնակցելու են միջազգային մեծ փառատոնի:

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը, մարդու, որին համարում են «ժամանակակից բալետի հայր»։ Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ- ողբերգության սկզբունքները։ 1759 թվականին հրապարակվել է նրա «Նամակներ պարի ու բալետի մասին» աշխատությունը, որում Նովերը ներկայացնում է բալետի մասին իր սկզբունքները։

Այս տոնի հիմնական գաղափարը պարային տարբեր ուղղությունների միավորումն է, որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրն առիթ է  պարի նկատմամբ մարդկանց սերն ու հարգանքը արտահայտելու, քանի որ այն արվեստ է, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։

Մեկնաբանել