
Հայաստանյան անշարժ գույքի շուկայում վարձակալությամբ տրվող բնակարանների հետ կապված խնդիրը վերացնելու կամ մասամբ վերահսկելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսեց հավաքել ՀՀ տարածքում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած կամ տուժած անձանց տվյալները, վեր հանել դրանք եւ փոխանցել ՀՀ ոստիկանություն։
Նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ 24 դիմում փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հավելելով՝ հայտերի քանակը մի փոքր ավելի է եղել, սակայն դրանցից ոչ բոլորում է իրավախախտման վերաբերյալ առկայություն արձանագրվել:
Նաև հետաքրքրվել էինք՝ դիմում-բողոքները հիմնականում ի՞նչ բնույթի են եղել: Ըստ նախարարության մեկամսյա մոնիթորինգի՝ հիմնականում առկա է երկու տեսակի խնդիր՝
1․ Խարդախներ, որոնք վերցնում են կանխավճարը, սակայն հետո չեն պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն վերադարձնում գումարները (ընդ որում՝ խարդախները միշտ գործում են միեւնույն եղանակով)։
2․ Բնակարանների անբարեխիղճ սեփականատերեր, որոնք խախտում են պայմանագրի պայմանները (բարձրացնում են գինը, կամ պարզվում է, որ բնակարանը գտնվում է շատ ավելի ոչ բարվոք վիճակում, քան նախապես ներկայացվել էր վարձակալին)։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ նաեւ հայտնեցին, որ դիմումները ՀՀ ոստիկանություն փոխանցվելուն պես համակարգի աշխատակիցները տուժածներին առանձին-առանձին հրավիրում են՝ մանրամասները ճշտելու նպատակով։
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել էր հանդիպում գործակալական մեծ ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել էին ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։ Խարդախություններից զերծ մնալու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել էր նաեւ ընկերությունների ցանկ, որոնց հետ իրենք գտնվում են անմիջական կապի մեջ։




