
2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունն ստանձնեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Եթե տեխնիկապես համայնքն արդեն լուծել է աղբահանության խնդիրը, ապա սանիտարական մաքրման տեսակետից քաղաքացիները դեռևս դժգոհում են. վիճակը գոհացուցիչ չէ:
«Մենք մի փոքր այլ տրամաբանությամբ էինք առաջ շարժվում. տեխնիկա ձեռք բերեցինք, որ մաքրեն, բայց, կարծում եմ, որ այստեղ մարդկային ուժն ավելի կարևոր է՝ գոնե այս պահի դրությամբ: 300 հավաքարար և 1 մլն-ից ավելի բնակչություն, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղտոտում են Երևանը»,- նկատում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացն սկսված է:
«Այս պահին մենք իրականում Երևանում ունենք սանմաքրման խնդիր. աղտոտված տարածքները շատ են, և, բնականաբար, մեր եղած ռեսուրսները լիարժեք չի բավարարում, որպեսզի այդ ամբողջ ծավալն ապահովենք և պատշաճ կերպով մաքրությունն իրականացնենք: Այս պահին առկա է անհրաժեշտ աշխատուժի 1/3-ը միայն: Մոտ ժամանակներս մեր հավաքարարների կազմը ևս 200 հոգով կհամալրվի, որպեսզի կարողանանք ավելի լավ իրականացնել գործընթացը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Որպեսզի քաղաքն արթնանա ու փողոցներն արդեն մաքուր լինեն՝ աշխատանքները սկսվում են վաղ առավոտից: Հաշվի անելով առկա հնարավորությունը՝ նախ մաքրվում են վարչական շրջանների կենտրոնական, ապա՝ երկրորդական փողոցները:
«Մեր աշխատանքները սկսում ենք առավոտյան ժամը 04:30-05:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ Կենտրոն վարչական շրջանում դուրս է եկել 27 հավաքարար: 300 հավաքարարը շատ քիչ է ամբողջ քաղաքը մաքրելու համար»,- ասում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի սանմաքրման կառավարման և համակարգման բաժնի պետ Բագրատ Աղաջանյանը:
Երևանյան բակերի մաքրման գործում մոտեցումն այլ է: Այստեղ, համայնքային հիմնարկից բացի, պատասխանատվության որոշակի բաժին ունեն նաև համատիրությունները:
«Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք մինչև 1.5մ հեռավորությամբ պետք է մաքրվի: Դա ամրագրված պարտադիր նորմ է և շենքի բնակիչների կողմից ընտրված համատիրության գործն է: Ուզում եմ մեկ անգամ ևս մեր բնակիչներին իրազեկել, որ համատիրության նախագահը կամ լիազոր կառավարիչն ընտրվում է բնակիչների, այսինքն՝ տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից, և իրենց մշակած բյուջեով յուրաքանչյուրը վճարում է ամսական գումար, իսկ այդ վճարներից իրականացվում է պարտադիր նորմերի պահպանման ընթացակարգ, որի մեջ մտնում է նաև սանիտարական մաքրությունը»,- նշում է Արսեն Կարոյանը:
Բակային այն տարածքներում, որտեղ գործակցություն կա բնակիչների և համատիրությունների միջև, աշխատանքն ու արդյունքն ակնհայտ են: Համայնքի նախաձեռնած գործընթացին զուգահեռ, ի դեպ, կվերանայվեն նաև համատիրություններում գրանցված մաքրուհիների հաստիքները:
«Մենք 18 հավաքարար ունենք, երեք օրը մեկ նրանք իրենց կցված շենքերի բակերը մաքրում են: Եթե բնակիչները ժամանակին վճարեն սահմանված գումարը, ապա համատիրությունն ավելի շատ աշխատանք կկատարի: Դժգոհությունները հիմնականում այն շենքերում են, որտեղ չեն վճարում: Հաշվետվությունն էլ ահա այստեղ՝ մուտքի մոտ փակցված է»,- ասում է «Կենտրոն» համատիրության կառավարիչ Արա Միքայելյանը:
«Մենք սպասարկում ենք 121 շենք՝ ընդամենը չորս հավաքարարի ուժերով: Ի դեպ, ապահովում ենք վճարների 70% գանձում: Մաքրուհիները մուտքերն են մաքրում, շենքի հարակից տարածքը, բայց երբեմն էլ՝ բակային տարածքը, օրինակ, եթե զրուցատաղավարի մոտ աղբ կա… հո չե՞նք թողնի մնա», – նշում է «Շենգավիթ» համատիրության նախագահ Ռոստոմ Գրիգորյանը:
«Եթե բակը մաքրում էին 10 օրը մեկ կամ շաբաթը մեկ, ավելացումից հետո կփորձենք այնպես անել, որ բակերը ավելի հաճախ մաքրվեն: Բակերն սկսում ենք մաքրել առավոտյան ժամը 08:00-ից, որպեսզի մեքենաներ կայանած չլինեն և մեր աշխատակիցները կարողանան աշխատել»,-ասում է Բագրատ Աղաջանյանը:
Երևանի ողջ տարածքից օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 1000-1300 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 290-320 հազ. տոննա:
Միաժամանակ նշենք, որ քաղաքը մաքուր պահելու ոչ մի նախաձեռնություն ցանկալի արդյունք չի տա, եթե չլինի յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը՝ Երևանը մաքուր պահելու և բարելավված քաղաքային միջավայր ձևավորելու գործում:





