Գլխավոր Ահազանգ Հա՞նք, թե՞ տուրիզմ. Լոռու մարզի Գոգարան բնակավայրում տապալվել են հանրային լսումները

Հա՞նք, թե՞ տուրիզմ. Լոռու մարզի Գոգարան բնակավայրում տապալվել են հանրային լսումները

0

Լարված մթնոլորտում՝ գյուղը լքելու կոչեր: Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Լեռնավան, Շիրակամուտ բնակավայրերի բնակիչները քաղաքացիական պահանջատիրության վարպետության դաս ցույց տվեցին հանրային լսումներ հրավիրած «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերությանը: Վերջիններս մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ են ուզում անցկացնել ու լսել խոշորացված համայնքի բնակիչների կարծիքները: Մինչդեռ մարդիկ միաբերան պնդում էին` ոչինչ չեն ուզում լսել հանքարդյունաբերության մասին: «Մեր գյուղի տեղն անգամ չգիտեք, մի օր չեկաք մեր հալը հարցնեք, հիմա ինչո՞ւ եք մեզ հիշել, եկե՞լ, ուզում եք մեր ջուրը պղտորե՞ք, ոսկի հանե՞ք»,- վրդովված ասում է Գոգարանի բնակիչներից մեկը:

 Շենավանցի Գեորգի Ղարիբյանն ասում է, որ հանքի բացումը կվտանգի 1 տասնյակի հասնող գյուղերի ջրային ռեսուրսները: «Ջրի համար ենք մնացել գյուղում, դա էլ աղտոտեն, ո՞ւր գնանք, ինչո՞վ օրվա հացի հարց լուծենք»,-ասում է,-մենք էդ ջրերով ենք սնվում, արտերը դրանով ենք ջրում, խմելու ջուրն այդտեղից է: Սարահարթին, Գոգարանին, Շենավանին, Շիրակամուտին, Պարնուն, Լուսաղբյուրին կխանգարի, սաղ կխանգարվի ջրերի ակունքը: Եթե ջուրը չեղավ, գյուղում մարդ չի մնա:

Հարևան Շիրակամուտից Գոգարան եկած Գևորգ Երանոսյանն է վրդովվում՝ աղետի գոտին զարգացնելու փոխարեն, եկել բնությունն են ուզում ավիրեն. «Աղետի գոտի է, փոխանակ մարդկանց աշխատատեղ ստեղծեն, եկել քանդում են, բնությունն էլ են քանդում, շնչառություն չկա, թթվածին չկա, էդ ե՞ն ուզում, խմելու ջուրը կտրում են թթվածինը չկա, ինչո՞վ են ապրելու մարդիկ»: 

 Վրդովված համագյուղացուն ոչ պակաս վրդովված Սմբատ Պետրոսյանն է լրացնում. «Չեմ ուզում ծանոթանալ ոչ մի բանի հետ, թող մեր ջուրը մաքուր մնա, մենք էլ՝ գյուղում: Ամուլսարը մեզ օրինակ, ստեղ ոչ ջուր կունենանք խմելու, ոչ մի բան: Մեր գյուղի 90% խմելու ջուրն էստեղից է գալիս: Ինձ պետք չի ծանոթանամ՝ ի՞նչ են անելու: Տեսել ենք՝ որտեղ հանքեր են բացել, ինչ է կատարվում կողքի գյուղերում: Մեզ ոչինչ պետք չէ: Ջերմուկ գնացե՛ք, տեսե՛ք կուրորտ քաղաքն ինչ են արել իրենց գրպանի համար»:

Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանն «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի  ներկայացուցչի հետ զրույցում ասաց, որ կհարգի ցանկացած որոշում, որը կընդունեն իրենց համագյուղացիները: Լեռնավանից Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ ընտրված Համլետ Մազմանյանն էլ վճռական է. եթե մարդիկ դեմ են, հանրային լսումներ անցկացնելն անիմաստ է. «Ես դեմ եմ Սպիտակի տարածաշրջանում ցանկացած տիպի հանքարդյունաբերությանը: Չեմ էլ ուզում իմանամ՝ հետազոտությունների արդյունքում մեր սարերի տակ ինչ կա: Թեղուտը, Ալավերդու կողմը, չկա մի տեղ, որտեղ հանքարդյունաբերությունից խնդիրների առաջ կանգնած չլինեն: Անզեն աչքով էլ ամեն ինչ տեսանելի է: Հանքի պատճառով Սպիտակ խոշորացված համայնքի բոլոր գյուղական համայնքները, ներառյալ Սպիտակ քաղաքը զրկվելու է խմելու ջրից»:

Երկրաբանական ուսումնասիրությունները դեռ չեն նշանակում հանք բացել,- ասում է հանրային լսումները հրավիրած «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը: Առաջարկվող ծրագրերը, սակայն, ոչ ոքի չէր հետաքրքրում։ «Ինչու՞ եք այդքան գումար ներդնում «անհեռանկար» գործի մեջ, ներդրում ե՞ք ուզում անելթեթև արդյունաբերության մեջ ներդրեք ձեր գումարները,կարի ֆաբրիկա բացեք, մարդիկ աշխատեն»,– հուշեցին բնակիչները: «Գոգարանը հրաշալի հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման համար,-միջամտեց գոգարանցի Արամ Մինասյանը,-այստեղ լեռնադահուկային սպորտ ու ագրոտուրիզմ կարելի է զարգացնել, թող այդ ուղղությամբ մտածեն, ոչ թե մի քանիսը հարստանան՝ մի ողջ տարածաշրջանի ռեսուրսների հաշվին: Սրա հետևանքները շատ լուրջ են: Մի փոր հացի համար չի մենակ, հետագայի մեր սերունդների համար է: Լավ միջոցներ կան, ուրիշ ծրագրեր թող ներկայացնեն, ֆաբրիկաներ բացեն, լեռնային տուրիզմը զարգացնեն՝ձմեռային ու ամառային, լուրջ փողեր դնեն, այստեղ լավ հնարավորություններ կան»:

Լարվածությունը գնալով մեծացավ: «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերության ներկայացուցիչները նախընտրեցին լքել գյուղը՝ հրաժարվելով մեկնաբանություններից: Միայն արձանագրեցին, որ հանրային լսումները տապալվեցին:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ Սպիտակի տարածաշրջանը միակն է Լոռումարզում, ուրերբևէհանքչիբացվել: Ներդրողները կարող են ավելի խելացի վարվելու իրենց գումարները ներդնել գործող բիզնեսի մեջ՝ միաժամանակ նպաստելով, որ այդ հանքերը չփակվեն, այլ շահագործվեն. «Քանի որ բոլոր բնակավայրերն են դեմ, որովհետև բոլորն էլ ջրից են զրկվելու, բնակիչները կարող են ստորագրահավաք կազմակերպել, պահանջել խոշորացված համայնքի ավագանուց տարածքը ճանաչել կանաչ գոտի, այդ դեպքում կառավարությունը չի կարող այդ որոշումը չեղարկել, պետք է հարգի համայնքի ավագանու որոշումը: Սա որոշակի երաշխիք կտա այս տարածքը պահել կանաչ գոտի և ապահովագրել հանքերի գործունեությունից»:

Տարակուսած էր նաև Վահե Մարտիրոսյանը «Մայ Ֆորեստ Արմենիա» ՀԿ-ից: «Այս տարածաշրջանում անտառվերականգնման լայնածավալ ծրագրեր ունենք նախատեսած,-ասում է,-հանքի բացման հեռանկարը ոչ միայն անսպասելի էր, այլև՝անցանկալի, որովհետև չի կարող մի տարածքում և՛ հանք բացվել, և՛ ծառ տնկվել: Չի կարող ծառ տնկվել այնտեղ, որտեղ հետագայում պետք է քանդվի: Մենք տարբեր բարդություններ նախատեսում էինք, բայց այս մի խնդիրն, ասես, հետևից դանակ լիներ: Չէինք պատկերացնում, որ նման հետաքրքրվածություն կլինի էդ տարածքի մասով, որովհետև ուրիշ նման տարածք դժվար է գտնել, թե՛ ջուրն է առատ, թե՛ բուսականությունն է կուսական: Մեր պլաններն ուժի մեջ են, բայց համայնքի ղեկավարները պետք է որոշում կայացնեն, թե որ ճանապարհով են գնում.մի դեպքում հանքը, մյուս դեպքում՝ բնապահպանությունը»:

Տարբեր բնակավայրերից եկած բնակիչները տեղում ստորագրահավաք-նամակ ձևակերպեցին՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարարությանն ու ՏԻՄ-ին՝ պահանջելով բացասական եզրակացություն տալ տվյալ գործընթացի վերաբերյալ։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի տեղեկություններով նույն օրը՝ ապրիլի 7-ին, «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերությունը Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի 2022-2025 թթ.-ի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային լսումներ էր անցկացրել նաև Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրերում։ Հանրային լսումների արդյունքների մասին ընկերության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Մեկնաբանել