Գլխավոր ԵՐԵւԱՆ Գարուի «բրավո»-ներով ընդունեցին և դժվարությամբ բաց թողեցին

Գարուի «բրավո»-ներով ընդունեցին և դժվարությամբ բաց թողեցին

0

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն, որը ֆրանսերեն և այլ լեզուներով  բազմաթիվ երգերով նվաճել է բազում երաժշտասերների սրտեր, մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ համերգին, որը տեղի ունեցավ ապրիլի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, արտիստի երկրպագուները «բրավո» վանկարկումներով ընդունեցին նրան և դժվարությամբ թույլ տվեցին հեռանալ բեմից:

Երգիչը չհիասթափեցրեց հանդիսատեսին՝ կատարելով Gitan, Bell և այլ հայտնի գործեր: Գարուն բեմ բարձրացավ Sous le vent  սիրված ստեղծագործությամբ, որն ավանդաբար երգում է աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ և բեմից իջավ դահլիճ՝ առավել ամրացնելով հանդիսատեսի հետ կապը:

Նա անդրադարձավ իր հայ լինելու մասին տարածված լուրերին և ևս մեկ անգամ հերքեց դա՝  նշելով, որ հայ չէ, ազգանունը Գարանյան չէ, այլ՝ Գարան, սակայն ինքը շատ է սիրում Հայաստանն ու շատ հայ ընկերներ ունի, որոնք հրաշալի մարդիկ են: Գարուն անմիջական էր, հումորով և համերգի սկզբում հույս հայտնեց, որ երեկոն կլինի ջերմ ու ընտանեկան: Արտիստը չսխալվեց, քանի որ դահլիճը, որը լեփ-լեցուն էր, բուռն ծափողջույններով էր արձագանքում բոլոր կատարումներին, երգում Գարուի հետ:

Երգիչը պատմեց՝ ներկայացվող շատ գործեր նոր մշակումներով են հնչում, քանի որ համավարակի ընթացքում երաժիշտների հետ երկար ժամանակ են անցկացնել բնության գրկում, երգել, նվագել, երգերում ներառել են ավանդական, ֆոլկ երաժշտության, քանթրիի տարրեր՝ փոխակերպելով հայտնի երգերը:

«Կանադայի Քվեբեկ քաղաքից եմ: Նվագել սկսել եմ փոքր հասակից, սակայն իմ կյանքը փոխեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը: Ես նվագում էի քաղաքի տարբեր ակումբներում, նվագում էի բլյուզ, ջազ և միշտ լայն ժպիտով»,-շեշտեց արտիստը:

Իտալացի երգիչ, կոմպոզիտոր, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի երաժշտության հեղինակ Ռիկարդո Կոչանտեն, տեսնելով Գարուին, ասել է, որ վերջապես գտել է  Քվազիմոդոյին: Նա նշել է, որ կա՛մ շատ կարճ կլսի Գարուին ու կխնդրի, որ չշարունակի, կա՛մ  երկու երգ կլսի ու կասի, որ գուցե կզանգեն նրան, կա՛մ ամեն բան այնքան լավ կլինի, որ Գարուին մի քանի երգ երգելու հնարավորություն կտա և կասի, որ Գարուն չափազանց անճոռնի է ու կատարյալ, ինչպես Քվազիմոդոն:  Արդյունքում Կոչանտեն Գարուին չորս  ժամ է լսել:

Հետաքրքիր պատմությունը պատմելուց հետո Գարուն կատարեց ոչ միայն իր սիրված երգերը, այլև հանդիսատեսին մեծ բավականություն պատճառեց՝ հնչեցնելով Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժո Դասենի, Բոբ Մառլիի և այլ մեծերի գործեր: Նա խոստովանեց, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը Լեգրանն է: Գարուն փայլուն կատարեց այն՝ հուզելով ներկաներին: Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները:

Համերգի և՛ ընթացքում, և՛ ավարտին երկրպագուները ծաղիկներով ողողեցին արտիստին, իսկ փոքրիկ հանդիսատեսից շատերը բեմ բարձրանալու, Գարուի հետ գրկախառնվելու և լուսանկարվելու հնարավորություն ունեցան:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում երգիչը նշել էր՝ իր հիմնական խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելը, նրանց տխրության դեմ պայքարելն ու  երջանկացնելն է:

Գարուն Երևանում մենահամերգով հանդես կգա նաև ապրիլի 22-ին: Գարուի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Մեկնաբանել