Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի 107-րդ տարելիցն է: Հայերի համակարգված ջարդեր են տեղի ունեցել 1894-96 եւ 1915-23 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչեւ 1923 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թվականներին։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը եւ Էնվերը, ինչպես նաեւ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։
Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններ առաջին անգամ կազմակերպվել են 1919 թվականին Կ.Պոլսում՝ ցեղասպանությունը վերապրած արեւմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո եւ հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով հաղորդել է ապրիլի 24-ը համազգային սգո օր սահմանելու մասին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»:
2015 թ․-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։
Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ եւ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով՝ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:




