Գլխավոր Ահազանգ Ո՞վ է Հայաստանը քայքայելու շահառուն

Ո՞վ է Հայաստանը քայքայելու շահառուն

0

Նախօրեին, խորհրդարանական ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակից մի քանի մարդ հարձակվել են «Անտարես» հրատարակության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա: Դրանից օրեր առաջ փողոցում գրոհել էին բլոգեր Ռոման Բաղդասարյանի վրա, ինչից հետո նաեւ այլ անձինք, այդ թվում ընդդիմության ակտիվի ներկայացուցիչներ, աջակցություն էին հայտնել այդ գրոհին եւ սպառնացել ավելի ուժգին բռնարարքներով: Այն, որ ակցիայի կազմակերպիչները առ այս պահը չեն արել որեւէ բռնություն դատապարտող հայտարարություն, ինչպես նաեւ չեն արել ակցիայի մասնակիցներին ուղղված որեւէ կոչ՝ զերծ մնալ որեւէ քաղաքացու հանդեպ որեւէ տեսակի ագրեսիվ գործողությունից, թույլ է տալիս եզրակացնել, որ այդօրինակ վարքը ունի քաղաքական հովանավորություն: Եթե ոչ, ապա արդեն իսկ արձանագրված միջադեպերը պետք է լինեն հիմք, որպեսզի փողոցային ակցիաներ իրականացնող քաղաքական ուժերի առաջնորդները միարժեք կերպով դատապարտեն որեւէ բռնություն եւ հստակ կոչ անեն իրենց համախոհներին զերծ մնալ այդօրինակ վարքից:

Փողոցային ակցիաները, անհնազանդության դրսեւորումները, հանրահավաքները, երթերը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավունք են, որ իրացնում է ընդդիմությունը: Այո, քաղաքացիների մի մասին դա կարող է դուր գալ, մեկ այլ մասի՝ ոչ, բայց Սահմանադրության շրջանակում իրացվող քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները պետք է լինեն պաշտպանված: Հանրությունն է որոշում՝ միանալ, աջակցել այդ ակցիաներին, այդ իրավունքների իրացման գործողություններին, թե ոչ: Միեւնույն ժամանակ, պետք է պաշտպանված լինի նույն Սահմանադրությամբ ամրագրված կարծիք հայտնելու իրավունքը, եթե այդ կարծիքը չի վիրավորում որեւէ մեկի պատիվը, արժանապատվությունը, բռնության կամ այլ անօրինական գործողությունների կոչ չէ: Երբ որեւէ իրավունքի իրացում դուրս է գալիս օրինականության շրջանակից, ապա այդտեղ պետք է գործի իրավապահ համակարգը, երբ իրավապահ համակարգը չի գործում, դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, ինչպես այն, երբ չի գործում օրինակ բանակը: Բանակը պետք է գործի արտաքին ագրեսիայի դեպքում, իրավապահ համակարգը պետք է կանխարգելի եւ պայքարի ներքին ագրեսիայի դեմ: Ըստ այդմ, Հայաստանի իրավապահ համակարգը պետք է կոնկրետ գործողություններով հստակ արձագանք տա թե բռնության կոնկրետ դեպքերին, թե բռնության կոչ անող գործողություններին: Հակառակը կարող է լինել պարզապես քաղաքացիական բախումների հրահրումը, որի շահագրգռությունը կարող են ունենալ թե ներքին, թե արտաքին խմբեր: Իսկ դա նշանակելու է Հայաստանի քայքայում, երբ հանրության ներսում բռնությունը դառնա հարցեր լուծելու, հարաբերություններ պարզելու միջոց:

Մեկնաբանել