Գլխավոր Ահազանգ Ընդդիմության հեթական քարոզչական «պոնտը»

Ընդդիմության հեթական քարոզչական «պոնտը»

0

2018 թվականի հեղափոխության մեթոդները կապկող ընդդիմությունը ցուցարարներ ներգրավվելու համար որոշել է այցելել կրթական հաստատություններ ու «զարթնիր, լաո» քարոզել։  Թիրախում այսօր մայր բուհն էր՝ ԵՊՀ-ն։ Պրոընդդիմադիր հարթակներով տարածվում է այսօրվա քարոզչական այցի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ընդդիմադիր լիդերները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը եւ այլք, օպերատորների ու բարձրախոսով ցուցարարների ուղեկցությամբ մտնում ԵՊՀ-ի լսարաններից մեկը, որը դատարկ է, իսկ գրատախտակին գրված է «Զարթնիր լաո, առանց նիկոլ Հայաստան»։ Ուշագրավն այն է, որ տեսագրության մեջ երեւում է այդպիսի մեկ դատարկ լսարան ու գրատախտակ։

Ընդիմության լիդերները դուրս գալով միջանցք՝ հայտարարում են, թե գրատախտակին այսպիսի բան է գրված, իսկ արդեն համալսարանի բակում Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, թե լսարաններ են մտել, որոնցից ընդամենը մեկում էր դասապրոցես ընթանում, «մնացած բոլորը դատարկ էին, դատարկ լսարանների գրատախտակում գրած է «զարթնիր լաո, առանց նիկոլ Հայաստան»։ Համալսարանի բակում հավաքված ցուցարար-համակիրների կողմից, լսարանների դատարկ լինելն ու գրատախտակին գրված գրությունը՝  Սաղաթելյանի մատուցմամբ, ընկալվում է որպես դասադուլի, ուսանողների՝ «լաոական» դարձած լինելու վկայություն  եւ, բնականաբար, ծափերի ու խրախուսական սուլոցների արժանանում։

Նկատենք, որ այսօր ԵՊՀ կատարած «զարթնեցնող» այցի մեկ այլ տեսագրություն էլ է շրջանառվում։ Սաղաթելյանի ուղեկցությամբ լսարան մտած մի խումբ անձինք «դասադուլ» են վանկարկում, Սաղաթելյանը սաստում է աղմկարարներին՝ «մի վայրկյան, մի վայրկյան ասելով»։ Սաղաթելյանի թիկունքում դռան արանքից ծիկրակում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ երիտդաշնակցական պատգամավորը որոշում է թարմացնել ուսանողների հիշողությունը՝ նշելով, թե 88-ի Արցախյան շարժումը սկսել է լսարաններից, իսկ վերջին պատերազմում շատ ուսանողներ իրենց կյանքն են տվել՝ «ձեր համար, մեր համար»։

«Էս պայքարը իշխանության համար չի, ձեր բոլորի համար ա, մեր բոլորի համար ա, խնդրում եմ միացեք։ Ինձ չեք միանում, որեւէ ուժի չեք միանում, միանում եք ձեր ընկերներին, հանուն մեր գաղափարների, հանուն մեր հայրենիքի։ Լավ մնացեք, մենք ձեզ կսպասենք հրապարակում։ Ցտեսցյուն»,-քնարական տոնով եզրափակում է  Սաղաթելյանն ու դասադուլ գոռացող թափորի ուղեկցությամբ շարժվում միջանցքով։

ԵՊՀ  լրատվական ծառայությունը, մինչդեռ, իր տարածած հայտարարության մեջ, դիմելով համալսարանականներին, նշում է․ «Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու եւ ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»։

ԵՊՀ մամուլի խոսնակ-հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը civic.am-ի հետ զրույցում, ի պատասխան ԵՊՀ-ում դատարկ լսարաններ լինելու մասին մեր հարցին՝ ասաց․ «Ստեղծված իրավիճակում հաճախելիության նվազում բնականաբար նկատվում է, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ որոշ ուսանողներ խցանումների պատճառով չեն կարողացել գալ համալսարան, որոշ ուսանողներ էլ, ցավոք, առիթից օգտվել են եւ դասին չեն ներկայացել: Միայն հավելեմ, որ ցանկացած օր կարելի է դատարկ լսարան գտնել, հատկապես քննաշրջանի ընթացքում, և փոխարենը մենք կարող ենք ցույց տալ տասնյակ լսարաններ, որոնք բնականոն դասապրոցեսի մեջ են։ Անդրադառնալով հայտարարություններին, թե՝ ԵՊՀ ուսանողների 80%-ից ավելին դասադուլ է անում հարկ եմ համարում նշել, որ ԵՊՀ ուսանողների 80%-ը  կազմում է շուրջ 12,000 մարդ»։

Ուշագրավ է, որ ընդդիմության անգամ «հուժկու» հանրահավաքների մասնակիցների թիվն ամբողջությամբ վերցրած մոտ 10-12 հազար մարդ է, ստացվում է՝ ընդդիմությանը միացել են միայն ԵՊՀ-ի ուսանողնե՞րը՝ «պլյուս»-«մինուս» 2 հազար մարդ։  Գուցե ԵՊՀ ուսանողների 80 տոկոսի մասնակցության մասին տեղկություն շրջանառողները  նկատի ունեն, որ այդ տոկոսի մեջ մտնում են  ոչ միայն ներկայիս, այլ 103-ամյա բուհի նախկին ուսանողնե՞րը։  Սա, ներողություն, քարոզչական էժանգին «պոնտ» է, որը կիրառելով  պարոնայք ընդդիմադիրներն ընդամենը փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենց ակցիաները  բազմամարդ են ու լայն աջակցություն են վայելելում հատկապես երիտասարդների շրջանում՝ այսպիսով կոծկելով  իրենց հավաքների  սակավամարդությունը։

Նկատենք, որ 2018-ին ուսանողությունն ինքնաբուխ էր միանում շարժմանը, նրանց դասի ժամին այցելելու ու լսարաններում հատուկ քարոզներ-թախանձանքներ հղելու կարիք չկար։ Ավելին՝ ուսանողներն իրենք էին ակտիվրեն ներգրավված քարոզչական գործընթացներում։

Քանի որ ընդդիմությունը «զարթնեցնելու» նպատակով թիրախավորել է կրթական հաստատությունները, ապա հաջորդ անգամ երեւի կայցելեն  դպրոցներ ու մանկապարտեզներ՝ մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ բացատրական աշխատանքներ տանելու համար, թե՝ «ինչ անում ենք, իրենց լավի համար ենք անում, ոչ թե մեր համար ու  հանուն իշխանափոխության»։

Եւ որպեսզի բացատրական քարոզը համոզիչ ու ազդեցիկ լինի, կարելի է «զարթնիր, լաո»-ի փոխարեն ավելի բարեհունչ երգ երգել՝ «Թող լինի, միշտ արեւը, թող լինի, միշտ երկինքը եւ թող միշտ լինենք մենք» երգը։ «Մենք» որ ասում ենք, նկատի ունենք ընդդիմությանը։

Մեկնաբանել