
Բացահայտվել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից՝ նշելով, որ Աբովյանի քննչական բաժնի նախկին Հատուկ քննչական ծառայության (ՀԿԳ) քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս. Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին) իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ. Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար վերջինիս մորից՝ Ա. Ա-ից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:
Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս. Ս-ն պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է շուրջ 230.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Ս. Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են: Նախաքննության մարմինը դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ իրականացնում է անհրաժեշտ քննչական միջոցառումներ:




