ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին տեւական ժամանակ ԱԺ նիստերին չի մասնակցում, սեպտեմբերի 15-ին եկել էր նիստերի դահլիճ եւ ելույթի իրավունք խնդրեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ գիշեր Բաղրամյան փողոցում, ԱԺ-ի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին: «Այդ մարդիկ ուղղորդված չէին, ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը»:
Նա անդրադարձավ նախորդ օրը ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի հայատարարությանը, որը լայն արձագանք էր գտել:
Մանուկյանի ընդդիմադիր ելույթին, ձեւակերպումներին տեղից արձագանքեցին իշխանական որոշ պատգամավորներ, աղմուկ բարձրացավ: «Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Գիտակցեք, որ պետականության կործանման վտանգի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին, էլի ինքնաբուխ: Այդ մարդիկ իրենք դավաճանված, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից իրենց մասին խոսող չկա: Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու։Ժողովուրդը պոռթկման եզրին է: Հասկացեք, որ այս վիճակից ելքը միակն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որը կարող այս վիճակից դուրս բերել: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նիստը վարող ԱԺ փոխախագահ Հակոբ Արշակյանը տեղից բուռն արձագանքողդ իշխանական պատգամավորին հորդորեց հանգստություն պահել կամ դահլիճից դուրս գալ, Գեղամ Մանուկյանին էլ հորդորեց այնպես չանել, որ դահլիճում խոսակցությունն ավելի լարվի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Մանուկյանը օգտագործում է տերմինոլոգիա, կոնտեքստից կտրում է որոշ մտքեր, որոնք հուզական արձագանք են ստանում:Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ավարտից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, իրավիճակը լարվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Տեսանյութը news.am-ի




